Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Վանի թագավորության անկման
արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ: Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարաարևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր: Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին: Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն:
Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը: Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր: Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։

Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան
Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրները սակավ են, միայն կարելի է ենթադրել, որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիս- արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք: Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան: Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը:
Հատկապես նշանակալից էր Երվանդունիների կարողությունը՝ հավաքագրելու զգալի կենդանի ուժ ռազմական արշավների և վերահսկվող տարածքներում իրենց քաղաքական ու ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այդպիսով՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազ մավորել բանակը՝ ստեղծելով շուրջ 40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր: Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ: Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են Մարաստանից Հայաստանի կախվածության:
Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում Աքեմենյան ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը: Ք. ա. 550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝ իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից, միայն թե հետաձգելով այն ավելի պատեհ ժամանակների:

Հակաաքեմենյան ապստամբությունը
Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից: Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ Աքեմենյան
Պարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ: Դրանց թվում էր և Հայաստանը: Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել, դրա համար էլ երկարաձգվել են: Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը:

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը: Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը: Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար: Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու ճանապարհներից մեկն էր: Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը:
Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն: Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով, ինչը նպաստում էր առևտրի ծաղկմանը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:
Պարույր Սկայորդուն ճանաչվեց հայոց արքա, քանի որ նրա մասնակցությամբ Մարաստան-Բաբելոն դաշինքը հաղթեց Ասորեստանին (Ք. ա. 612 թ.), և Մարաստանի արքան նրան թագադրեց՝ ճանաչելով որպես Հայաստանի արքա։

2. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում:

Երվանդ I Սակավակյացը հաստատեց Հայաստանի իշխանությունը, ստեղծելով մեծ բանակ և քաղաքական ուժ, իսկ Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծի հետ պայքարելով Մարաստանի դեմ, օգնեց պահպանել Հայաստանի անկախությունը։
3. Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:
Դարեհ I-ն իր կայսրության միասնականությունը պահեց՝ երկիրը բաժանելով սատրապությունների, որոնց կառավարիչները պարտավոր էին հավաքել հարկեր, զորք և ապահովել անվտանգություն։ Հայաստանի վրա դա բարդեց նրա կախվածությունը Պարսկաստանից, բայց կարճաժամկետ ինքնավարություն պահպանեց։
4. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երվանդական արքաներն իբրև մայրաքաղաք ընտրեցին Վան-Տոսպըխ
Վան-Տոսպըխը (Տուշպա) դարձավ մայրաքաղաք, քանի որ ռազմավարական դիրք ուներ՝ ապահովելով պաշտպանություն, վերահսկողություն Եփրատին և համառոտ հիշատակելով Վանի թագավորության պատմական կարևորությունը։

5.Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց
ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում։
Երվանդական արքաներին հաջողվեց պահպանել ինքնուրույնությունը, քանի որ նրանք պահպանեցին որոշ քաղաքական ու ռազմական իշխանություն, չվերածվելով Պարսկաստանի լիակատար դաշնակիցների։

6. Նշի՛ր և հիմնավորիր, թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար «Արքայական ճանապարհը»:
«Արքայական ճանապարհը» Հայաստանի համար կարևոր էր առևտրի և ռազմական կապերի համար՝ նպաստելով տնտեսությանը և տրամադրելով ճանապարհ զինուժի ու ապրանքների փոխադրման համար։
7. Պատմական հեռանկար
Պատկերացրու, որ դու Տիգրան Երվանդյանի խորհրդականն ես, որը արքային պետք է խորհուրդ տա Կյուրոս Մեծի հետ հարաբերությունների հարցում, երբ վերջինս փոխում է վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Ի՞նչ խորհուրդ կտաս դու արքային գնալ առճակատմա՞ն, թե՞ փոխզիջման: Ինչո՞ւ:
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ո՞ր վերնախավի (ռազմական, քրմական, առևտրական…)
ներկայացուցիչներն ավելի շատ կաջակցեն:
Ինչո՞ւ: Իսկ ովքե՞ր կընդդիմանային (յուրաքանչյուրի համար հիմնավորիր առանձին):